Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երեւանի թիվ 2 տարածաշրջանային պետական քոլեջ, որտեղ անցկացվում է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ամենամյա ծրագիրը: Ողջունելով ուսուցիչներին` նախարարը նշել է, որ այս տարի ուսուցիչներին այցելել է դասապրոցեսի ընթացքում, որպեսզի ավելի մոտիկից ծանոթանա ուսուցիչների խնդիրներին, լսի նրանց առաջարկություններն ու դիտողությունները: Արմեն Աշոտյանը նշել է, որ սփյուռքահայ ուսուցիչների առաքելությունն իրականում կրկնակի ծանր է` աշխատելով որպես մանկավարժ` միաժամանակ նրանք իրենց ուսերին կրում են համայնքի խնդիրների դժվար բեռը` ծառայելով հայապահպանության նպատակին: Նախարարը կարեւորել է նաեւ հեռավար ուսուցմամբ վերապատրաստումները` նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացը թույլ է տալիս նման վերապատրաստումներ իրականացնել, քանի որ ամեն ուսուցիչ չէ, որ կարող է անձամբ ներկա գտնվել հայրենիքում իրականացվող վերապատրաստումներին:
Ուսուցիչները, որոնց մեծ մասն առաջին անգամ էր հայրենիքում, նշել են, որ վերապատրաստումները շատ օգտակար են` եւ մասնագիտական, եւ հայրենաճանաչության տեսանկյունից: Ուսուցիչները հիմնականում առաջարկել են արեւմտահայերենը ներառել դպրոցական ծրագրերում, որոշ առարկաների գծով ավելացնել դասաժամերի քանակը, ինչպես նաեւ կարեւորել անվճար դասագրքերի առաքման հարցը: Ի պատասխան` նախարարը նշել է, որ արեւմտահայերենը ներառել դպրոցական ծրագրերում այս պահին իրատեսական չէ. գուցե այն ներառվի որոշ ավագ դպրոցների հումանիտար հոսքերում: Բացի այդ, ՀՀ բուհերից մեկում կիրականացվի մագիստրոսական ծրագիր` արեւմտահայերենով:
Նշենք, որ ծրագրին մասնակցում են 12 երկրների 49 ուսուցիչներ: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ուսուցիչները կհանդիպեն ՀՀ լավագույն մասնագետներին՝ դասախոսների ԵՊՀ-ից, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանից եւ Կրթության ազգային ինստիտուտից: Մեկ ամիս տեւողությամբ ծրագիրն իրականացնում է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետների կողմից՝ համապատասխան ծրագրով ըստ հետեւյալ խմբերի՝ ուսուցում մանկապարտեզում, ուսուցում մեկօրյա դպրոցում, դպրոցների կառավարում, լրացուցիչ կրթության եւ արտադասարանային դաստիարակության կազմակերպում (երգ, պար, թատրոն, նկարչություն, ձեռագործ եւ այլն), տարրական ուսուցման մեթոդիկա եւ տարրական կրթության կազմակերպում: Լսարանային պարապմունքներից բացի, ուսուցիչների համար նախատեսված են նաեւ այցելություններ Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, թատրոններ եւ թանգարաններ: Դասընթացի ավարտին ուսուցիչները կստանան ՀՀ ԿԳՆ եւ Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:





























