Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության ավելացում չկա: Հուլիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսանտների ներթափանցման փորձը:
Նրա խոսքով, սահմանային գոտում նման դեպքեր անընդհատ տեղի են ունենում եւ «ընթացիկ իրավիճակի բաղկացուցիչ մաս են»:
Սակայն դրանց քանակությունը, ըստ մասնագետի, կախված է սահմանի վերահսկողության բարելավումից կամ վատթարացումից:
Լրագրողներից մեկի հարցին, կարո՞ղ է այս միջադեպը հանգեցնել որեւէ լուրջ ռազմական գործողության, Իսկանդարյանը պատասխանեց, որ «ներկայում ԼՂՀ-ի ստատուս-քվոյի խախտման հավանականությունը հավասար է զրոյի»:
Հիշեցնենք, որ ադրբեջանցի 3 դիվերսանտներ թափանցել էին ԼՂՀ Քարվաճառի շրջան: Երկուսին հայկական կողմը գերի է վերցրել, մեկը հատուկ գործողության ընթացքում սպանվել է: Դիվերսանտը հասցրել էր սպանել հայ սպայի եւ վիրավորել մի կնոջ:





























