Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը այցելել է հիվանդանոցներ, ուր հոսպիտալիզացվել են Մոսկվայի մետրոյում վթարի հետեւանքով հայազգի տուժածները։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Էդուարդ Ջամբազյանը հայտնեց, որ երկու տուժածներն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում: 20-ամյա Մերի Աշոտի Քոչարյանի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ 23-ամյա Աննա Օլեգի Բուլղադարյանի վիճակը՝ կայուն ծանր: Ջամբազյանի խոսքով, առայժմ հայազգի տուժածների քաղաքացիությունը չի պարզվել, իսկ իր այցելության պահին հարազատներ հիվանդանոցում չեն եղել:
Նշենք, որ Մերի Քոչարյանը Մոսկվայի համար 67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով եւ գլխուղեղի փակ վնասվածքով, իսկ Աննա Բուլղադարյանը՝ Մոսկվայի համար 79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով եւ տրավմատիկ ցնցումով:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 19 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են: Մահացածների թվում են նաեւ վթարի ենթարկված գնացքի մեքենավարը:
Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել «Տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտում» հոդվածով:





























