Մոսկվայի մետրոյի վթարի զոհերի թիվը հասել է 22 մարդու, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով մայրաքաղաքի բժշկական շրջանակի աղբյուրը։
«Մետրոյի վթարի հետեւանքով զոհերի եւ տուժածների ընդհանուր թիվը 162 է, որոնցից 22-ը զոհվել են», — ասել է աղբյուրը։ Ներկայումս հիվանդանոցներում կա 129 տուժած, որոնք բուժվում են 15 բուժհաստատություններում։ Արդեն հաղորդվել է, որ Մոսկվայի մետրոյի վթարից տուժածների շարքում կա երկու հայ։
Մերի Աշոտի Քոչարյանը՝ 20 տարեկան, տեղափոխվել է քաղաքի 67-րդ հիվանդանոց՝ ողնաշարի կոտրվածքով եւ գլխի փակ վնասվածքով։ Նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծայրահեղ ծանր է։
Աննա Օլեգի Բուլղադարյանը՝ 23 տարեկան, տեղափոխվել է քաղաքի 79-րդ հիվանդանոց՝ ճաճանչոսկրի կոտրվածքով եւ տրավմատիկ ցնցմամբ։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վիճակը միջին ծանրության է։
Ողբերգության վայրում փլատակների մաքրման աշխատանքները շարունակվում են։
Մոսկվայում սուգ է հայտարարվել մետրոյի զոհերի հիշատակին, որը Մոսկվայի մետրոպոլիտենի 79 տարվա պատմության մեջ դարձել է ամենախոշորը զոհերի թվի առումով։





























