Կոտայքի մարզի Ակունք գյուղում հուլիսի 14-ին սպանված հնագետ Ֆիրդուս Մուրադյանի հարազատները բարկացած են. դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հնագետը ոչ թե սպանվել է, այլ մահացել ինֆարկտից, մինչդեռ հարազատները համոզված են, որ Ֆիրդուս Մուրադյանին սպանել են, ինչպես որ նախապես հայտարարել էր ոստիկանությունը:

«Ֆիրդուս Մուրադյանը գնացել էր «Պողոս Պետրոս» եկեղեցու վերանորոգման աշխատանքներին մասնակցելու, նրան հրավիրել էր Ավգուստին Աբրոյանին պատկանող ընկերությունը: Աշխատելու ընթացքում Ավգուստինը նեղացրել է Ֆիրդուս Մուրադյանի բանվորներին, վերջինս էլ սկսել է վիճել նրա հետ՝ պաշտպանելով իր աշխատակիցներին: Այնուհետեւ Ավգուստինը գնացել եւ մեքենայից հանելով բութ գործիքը՝ հարվածել է հնագետին, գլխի վրա հարվածի հետքը կա, դրանից հետո նա ընկել է ասֆալտին եւ մահացել: Սակայն հիմա ուզում են գործը փակել, հայտարարում են, թե Ֆիրդուս Մուրադյանը մահացել է ինֆարկտից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած հնագետի հարսը՝ Հրարփի Աղաբեկյանը:

Նրա խոսքով՝ այսօր արդեն ձերբակալված Ավգուստին Աբրոյանին ազատ են արձակելու, մինչդեռ իրենք պայքարելու են մինչեւ վերջ, որ «հանցագործը նստի եւ պատասխան տա իր արածի համար»:

«Մարդը ինֆարկտից երկու րոպեում չի մահանում, սկեսրայրիս գլխին հարվածի հետքեր կան, վկաներ կան, որոնք ասում են, որ նրան սպանել են, գլխին խփել են, բայց դե ոստիկանությունը որոշել է կոծկել»,- ավելացրեց նա:

Ավելի վաղ, ոստիկանությունը հայտնել էր, որ Կոտայքի բաժնում հուլիսի 14-ին ժամը 11.30-ին, ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղի եկեղեցու մոտ սպանություն է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Ակունք գյուղում գտնվող «Պողոս Պետրոս» եկեղեցու մոտ, վիճաբանության ժամանակ, 34-ամյա Ավգուստին Ա.-ն բութ գործիքով հարվածել է 59-ամյա Ֆիրդուս Մուրադյանի գլխի հետնամասին, ինչի հետեւանքով Մուրադյանը տեղում մահացել է: Նույն օրը երեկոյան Ավգուստին Ա.-ն ներկայացել է բաժին: