Ադրբեջանական կողմը հայտարարություն է տարածել ԼՂՀ Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի ձերբակալման լուրի կապակցությամբ:
Ըստ ԱՊԱ-ի՝ Ադրբեջանի ՊՆ-ում կարծում են, որ ձերբակալվածները ոչ մի ապօրինի բան չեն արել:
«Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, ոչ նման պնդումները ոչ մի հիմք չունեն: Գրավյալ տարածքները ինքնիշխան Ադրբեջանի հողերն են, եւ ոչ ոք չի կարող արգելել ադրբեջանցիներին գտնվել եւ ազատ տեղաշարժվել այդ տարածքներում: Այդ անձինք պետական սահման չեն խախտել, ինչպես հայկական կողմն է պնդում: Քանի որ օկուպացման ճանապարհով ստեղծված ինքնակոչ ռեժիմի կողմից վերահսկվող հողերը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են որպես Ադրբեջանի Հանրապետության տարածքներ»:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել էր, թե առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել եւ դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: «Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որեւիցէ տարբերանշան եւ կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ»,-ասված էր հաղորդագրությունում:
Նաեւ ընդգծվում էր, որ վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն եւ սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր եւ այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության եւ Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ:
Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին:
Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել էին երկու ադրբեջանցիներ՝ Շահբազ Ջալալօղլի Գուլիեւը (ծնվ. 1968թ.) եւ Դիլհամ Գարդաշխանօղլի Ասկերովը (ծնվ. 1960թ.), եւս մեկ դիվերսանտ ոչնչացվել էր:
Որոշ տվյալներով՝ դիվերսիոն խումբը կապ ունի Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանի մահվան հետ:
Փաստորեն, ադրբեջանական պետկառույցները օրինաչափ են համարում ոչ միայն հարեւան պետությունների սհմանների խախտումը, այլեւ անմեղ մարդկանց սպանությունները՝ միայն ազգային պատկանելության հողի վրա:





























