Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հուլիսի 17-ին հերթական իրազեկման ավտոերթը կանցկացնի: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիման ժամանակ հայտարարեց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:
«Այս երթը բացառիկ է լինելու, մենք պատրաստվում ենք ընդգրկել քաղաքի բոլոր վարչական շրջանները՝ Կենտրոնից բացի: Մենք էլ խնդիր չունենք Կենտրոն մտնելու, մենք ինչ խոստացել էինք, արեցինք»,-ասաց Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ երթը մեկնարկելու է Նոր Նորք վարչական շրջանից՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտից:
Երթի մասնակիցները կշարժվեն ժամը 12:30-ին, կանցնեն քաղաքի մի քանի վարչական շրջաններով եւ երթը կավարտեն Էրեբունի վարչական շրջանում:
Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանի խոսքով՝ սա մինչեւ այս իրենց կազմակերպած երթերից ամենաերկարն է, այն նախորդների պես խաղաղ բնույթ է կրելու:
«Սա ըմբոստության կամ անհնազանդության երթ չի, իրազեկման երթ է: Հուսով ենք, որ ճանապարհային ոստիկանությունը եւ ոստիկանությունը չեն խոչընդոտի այն: Մենք արդեն մի քանի անգամ ապացուցել ենք, որ մենք կարողանում ենք սկսել «Ա» կետից, վերջացնել «Բ» կետում առանց որեւէ խախտումի, իրենք էլ դա գիտեն»,-ասաց Վարդան Հակոբյանը:
Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:





























