Մոսկվայի մետրոյում վթարի հետեւանքով տուժած Մերի Քոչարյանը եւ Աննա Բուլղադարյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Հայաստանի ԱԳՆ փոխանցմամբ, տեղեկությունը տրամադրվել էր Մոսկվայի իշխանությունների կողմից:
Նշենք, որ 20-ամյա Մերի Քոչարյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրան այսօր վիրահատում են: Աղջիկն ունի ողնաշարի կոտրվածք եւ գլխուղեղի փակ վնասվածք: Բացի Մերիից՝ վթարի հետեւանքով տուժել է եւս մեկ հայուհի՝ 23-ամյաԱննա Բուլղադարյանը, որն ունի աջ ճաճանչոսկրի կոտրվածք եւ տրավմատիկ ցնցում: Նրա վիճակը կայուն ծանր է:
Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, Մոսկվայի մետրոյի Արբատո-Պոկրովյան գծի ռելսերից դուրս են եկել երեք վագոններ, վթարի հետեւանքով, նախնական տվյալներով, 20 մարդ է զոհվել, առնվազն 150-ը վիրավորվել են: Մահացածների թվում են նաեւ վթարի ենթարկված գնացքի մեքենավարը:
Վթարի փաստով քրեական գործ է հարուցվել «Տրանսպորտային անվտանգության ոլորտում պահանջների խախտում» հոդվածով:





























