ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) կողմից կազմակերպված ամառային ուսանողական ծրագրի շրջանակներում Արցախ ժամանած մի խումբ երիտասարդների:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում նախագահ Սահակյանն ուսանողներին է ներկայացրել Արցախում պետականաշինության գործընթացը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական ցուցանիշները, անդրադարձել երկրի արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին:

ԼՂՀ նախագահը կարեւորել է Սփյուռքի հետ կապերի շարունակական ամրապնդումը՝ այս համատեքստում հատուկ նշանակություն տալով սփյուռքահայ երիտասարդների այցելություններին Հայաստան եւ Արցախ, պատմական Հայրենիքում ապրելուն ու աշխատելուն:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունն այս ուղղությամբ՝ այն համարելով պահանջված եւ կարեւոր:

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ԱՀՀ տարածաշրջանային տնօրեն Արմինա Դարբինյանը, պաշտոնատար այլ անձինք: