Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը, հնարավոր է, լայնացնի պայքարի շրջանակները։ Նախաձեռնության անդամներն  այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ չի բացառվում, որ իրենց ներկա պահանջներին զուգահեռ հաջորդ ակցիայի ժամանակ նաեւ սոցիալական այլ խնդիրների դեմ բողոք բարձրացնեն:

«Մեր ռեսուրսներն այսօր  սահմանափակ են, մենք կարողանում ենք պայքարել կոնկրետ մի հարցի շուրջ: Միեւնույն ժամանակ, մենք ստիկերներ ունենք պատրաստած՝ հոսանքի, գազի հետ կապված, որոնք միջուցե վաղն արդեն փակցնենք մեր մեքենաներին եւ լայնացնենք մեր պայքարի շրջանակները», -ասաց նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը: Նախաձեռնության անդամների հավաստիացմամբ՝ եթե կարմիր գծանշանների, արագաչափերի եւ տեսախցիկների դեմ իրենց բողոքն իր նպատակին հասնի, իրենք կշարունակեն պայքարել արդեն այլ խնդիրների լուծման համար: 

«Առայժմ դուրս մեր գրպանից, հետո կդառնա՝ դուրս մեր գրպանից բոլոր ոլորտներում, հետո կդառնա դուրս մեր երկրից, ընդհանրապես մեր կյանքից»,-ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով՝ իրենք արդեն համագործակցում են  առկա սոցիալական խնդիրների դեմ պայքարող «Ոչ թալանին» նախաձեռնության հետ, օգոստոսի 1-ին մասնակցելու են այդ նախաձեռնության երթին՝ նրանց դրոշներով:

Հիշեցնենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչեւ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում և դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: