ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանտա Փաուերը հայտարարել է, որ հաղթել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինին հայտնի Pussy Riot խմբի հետ կապված սկանդալում, հաղորդում է RT-ն:
Պարզվում է՝ հարցազրույցներից մեկում Փաուերը հայտարարել է, որ Pussy Riot խմբի բանտարկված անդամների թեմայով Չուրկինի հետ վեճում ռուս դիվանագետի կողմից պատասխան այդպես էլ չհնչեց, դրա համար էլ իրեն հաղթող է համարում:
«Վերջին խոսքն իմն է եղել: Սա բավարար է փոքրիկ հաղթանակի համար», − ասել է նա:
Իր հերթին Չուրկինը նշել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում:
«Այստեղ ես պետք է հայտնեմ ճշմարտությունը: Իրականում ես պատասխանել եմ նրան: Ես զանգահարել եմ Սամանտային եւ բացատրել, որ Ռուսաստանում չկան քաղբանտարկյալներ: Նա, թվում էր, ապշած էր եւ խոստացավ կրկին կապվել հետս այս հարցով: Նա դա չարեց: Սակայն սրտի թրթիռով խոստովանեց, որ այս լեզվակռվում ես առավելություն ունեմ, քանի որ իմ պատասխանը ինքնաբուխ էր, նրանը՝ ոչ: Ես դա իմ «փոքրիկ հաղթանակը» չեմ անվանի: Թող դատեն նրանք, ովքեր նման անեկդոտների սիրահար են», −հայտարարել է Չուրկինը:





























