ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում հուլիսի 11-ին հակառակորդի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասնակիցները դիվերսանտներ չէին, այլ՝ ղաչաղներ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի սպա, ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը։
«Ես չեմ կարող ասել՝ նրանք գործում էին Ադրբեջանի հրամանով, թե ինչ-որ կազմակերպության, բայց փաստ է, որ մարդիկ եկել էին կոնկրետ խնդրի համար եւ բառախաղ չլինելու համար նրանց ճիշտ կլինի անվանել ղաչաղներ»,- ասաց ազատամարտիկը։
Արթուր Եղիազարյանի խոսքով՝ «գործից հեռու» շատ մարդիկ դիվերսանտ ասելիս պատկերացնում են հատուկ պատրաստված անձինք, որոնք ցանկանում են հակառակորդին նյութական վնաս հասցնել. «Սակայն այս մարդկանց գործունեությունը, այն զենքերը, որոնք ցուցադրվել են հեռուստատեսությամբ, այն փաստը, որ նրանք նկարահանում էին ամբողջ ճանապարհը, այդ ամբողջից կարելի է ենթադրել, որ նրանք ավելի շատ մտադրված էին հոգեբանական ազդեցություն գործել»։
Ազատամարտիկը կարծում է, որ այսօր հարկավոր է հասարակության շրջանում տարածել այն վստահությունը, որ իրենք ապրում են պաշտպանված երկրում։
«Ես գտնում եմ, որ այս ամենը, ինչը ցուցադրվեց, եւ այդ մարդիկ, ովքեր դիվերսիոն գործողություններ էին իրականացնում, նպատակ ունեին մեզ՝ հայերիս, հուշելու, որ մենք անպաշտպան ենք, եւ նրանք ազատ կարող են անցնել սահմանը, խորոված անել, ինչու չէ, նաեւ հասնել Սեւան, այնտեղ եւս խորոված անել, հանգիստ մարդ սպանել»,- ասաց Արթուր Եղիազարյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը չեզոքացնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, երկուսին՝ ձերբակալել: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972թ. ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977թ. ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել:





























