Ադրբեջանցի դիվերսանտներին պետք է դատեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Այդ մասին այսօր՝ հուլիսի 16-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Լարիսա Ալավերդյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ Քարվաճառի շրջան ադրբեջանական դիվերսանտների ներխուժումը:

Ալավերդյանը նաեւ նկատեց, որ Հայաստանում սոցիալական կայքերն ու լրատվամիջոցները արդեն երկրորդ անգամ ադեկվատ կերպով չեն արձագանքում  սահմանին տեղի ունեցող գործընթացներին: Իրավապաշտպանն ընդգծեց, որ առաջին դեպքը վերաբերում է ադրբեջանական գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանին: Մասնավորապես, Ալավերդյանը նշեց, որ չպարզելով՝ իրականում ինչ էր ուզում ասել զինծառայողը՝ սկսեցին աղբուկ բարձրացնել եւ քննադատել վերջինիս:

«Իսկ այժմ համացանցում քննարկում են, թե կարո՞ղ է արդյոք ցմփոր մարդը դիվերսանտ լինել: Այսպես կարող են մտածել միայն այն մարդիկ, ովքեր դիվերսանտների մասին պատկերացում են կազմել միայն ամերիկյան ֆիլմերից», - նշել է իրավապաշտպանը՝ հավելելով, որ հասարակ մարդիկ սահմանը չեն անցնում սեփական նախաձեռնությամբ:

Հիշեցնենք, որ 3 ադրբեջանցի դիվերսանտներ օրերս ներխուժել էին ԼՂՀ Քարվաճառի շրջան: Նրանցից երկուսին հայ զինվորները գերի են վերցրել: Երրորդը սպանվել էր հատուկ գործողության ժամանակ, սակայն հրաձգության ժամանակ սպանվել էր նաեւ հայ սպան եւ վիրավորվել մի կին: