Օմբուդսմենի ներկայացուցիչներն այսօր հերթական այցն են կատարել հոգեբուժական հաստատություններ: Պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե Սեւանի հոգեբուժարանում հայտնաբերվել է 3 անուն ժամկետանց դեղ, ինչպես նաեւ կտրված են եղել այլ դեղերի ժամկետների նշման հատվածները: Ժամկետանց դեղորայք է հայտնաբերվել նաեւ Արմաշի առողջության կենտրոնում:

«Ահա եւ օմբուդսմենից խնդրված փաստեր՝ հատուկ նախարար Արմեն Մուրադյանի համար:

Երեկ Առողջապահության նախարարությունն արդեն հնաոճ դարձած գործելաոճով էր արձագանքել մեր կողմից բազմիցս բարձրաձայնված եւ կրկին հնչեցված խնդիրներին: Առանձին պետական մարմինների կարող է թվալ, որ «մեկ փաստ», «գեթ մեկ փաստ» գոչելով՝ կարելի է թաքցնել սեփական համակարգային արատներն ու առանձին պաշտոնյաների վատ աշխատանքը:

Մեզ պատասխանելիս առողջապահության նախարարությունը խնդիրներին լուծում չտալը պատճառաբանել էր Նախարարի կարճատեւ՝ 2 ամիս պաշտոնավարմամբ: Մինչդեռ երկու ամսում կարելի էր լուծել առնվազն հոգեբուժարաններից ժամկետանց դեղերը վերացնելու հարցը: Ավելին,  սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման համար պահանջվում է ընդամենը մաքրման համապատասխան աշխատանքների կազմակերպում: Բացի այդ, մի սանհանգույցի կոսմետիկ վերանորոգումը կպահանջի տասն օրից ոչ ավելի ժամանակ եւ ոչ մեծ ֆինանսներ: Այսպիսով, թվարկված խնդիրների լուծումը կարիք չունի ֆինանսական հատուկ ներդրումների, երկարատեւ ռազմավարական լուծումների: Դրանք կարող են վերացվել բացառապես հետեւողական ու իրական աշխատանքով:

Այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր գոհունակությունն է հայտնում, որ առողջապահության նախարարությունն ընդունում է իր մատնանշած խախտումների եւ թերությունների առկայությունը, եւ հուսով է, որ նախարարի հանձնարարականները վաղ թե ուշ կկատարվեն»,- ասվում է օմբուդսմենի գրասենյակի հայտարարության մեջ: