Արեւմուտքն իր էությամբ եղել եւ մնում է գաղութատիրական, թեեւ փոխվում են մեթոդները: Այդ պատճառով էլ պետք է զգոն լինել եւ շարունակել պայքարը դրա ագրեսիվ ծրագրերի դեմ, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ երկրի խորհրդարանի անդամների առաջ սահմանադրական երդմանը հաջորդած իր ճառում:
Ըստ այսօր կրկին պաշտոնը ստանձնած Ասադի՝ Սիրիան հենց սկզբից էլ նախազգուշացրել էր, որ այդ ծրագրերն իրենով չեն սահմանափակվի, այլ ահաբեկչության միջոցով կտարածվեն տարածաշրջանի մյուս պետությունների վրա: Այսօր Իրաքում, Լիբանանում եւ բոլոր երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, ըստ Ասադի, ապացուցում են Սիրիայի դիրքորոշման իրավացիությունը: Ասադը, որի խոսքը մեջբերում է ՍԱՆԱ գործակալությունը, նշել է, որ Արեւմուտքում եւ տարածաշրջանում ահաբեկչությանն աջակցած երկրները թանկ կվճարեն առաջիկայում: Սիրիայի ժողովուրդը, պայքարելով ահաբեկչության դեմ, պաշտպանում է նաեւ մնացած ժողովուրդներին: Սիրիայի նախագահն ասել է. «Սիրիայի դեմ ագրեսիայի առաջին իսկ օրերից մենք վճռեցինք անխնա պայքարել ահաբեկչության դեմ եւ հասնել հրադադարի: Ես կրկնում եմ զենքերը վայր դնելու կոչը բոլոր նրանց, ովքեր մոլորվել են, քանի որ մենք չենք դադարի պայքարն ահաբեկչության դեմ, մինչեւ չհասնենք Սիրիայում անվտանգության եւ կայունության վերականգնմանը»:
Բաշար Ասադը հաղթել է հունիսի 3-ին կայացած ընտրություններում:





























