Ազատագրված Քարվաճառի շրջանում հուլիսի 10-ից անհետ կորած 17-ամյա Սմբատ Ցականյանի հուղարկավորել են այսօր՝ հուլիսի 16-ին փակ դագաղով. հարազատներից նույնիսկ թույլ չեն տվել բացել դագաղը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Էրքեջ համայնքի ղեկավար Արա Հովհաննիսյանը:
«Հուղարկավորությունն այսօր արեցին, սակայն թույլ չեն տվել դագաղը բացել, ոչ մեկը չի տեսել, թե ինչ վիճակում է երեխան եղել, դե պատկերացրեք, թե ինչ ահավոր բան է տեղի ունեցել երեխայի հետ: ԼՂՀ իշխանություններից էլ բավականին մարդիկ են ներկա եղել հուղարկավորությանը»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ 17-ամյա Սմբատին սպանել են դիվերսանտները, դրանում իրենք բոլորն էլ համոզված են:
«Սմբատը սարից իջնելիս է եղել, երբ հանդիպել է էդ թուրքերին, իսկ սարից իջել է, որպեսզի հորեղբոր տղային ճանապարհի գյուղ եւ այդպես կորել է: Գյուղում տարբեր բաներ են խոսում, տարբեր վարկածներ կան, բայց դե որ մենք դիակը չենք տեսել, չենք կարող ասել, թե երեխայի հետ ոնց են վարվել»,- ավելացրեց Արա Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 17-ամյա մի բնակչի են գերեվարել, ում մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում:





























