Մոսկվայում, այսօր՝ հուլիսի 16-ին, հայ գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի ձերբակալության առթիվ հայտարարությամբ է հանդես եկել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):
Նրա կարծիքով՝ «այս ակցիայի նպատակն է ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա, կասկածի տակ դնել Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցը» եւ որոշ չափով խոչընդոտել Արցախի բանակի կառուցմանը: «Թվարկվածը հանգեցնում է Լեւոն Հայրապետյանի ձերբակալության քաղաքական պատվերի մտքին»,- նշում է Կոմանդոսը:
Նրա խոսքով, կատարվածը խորապես զարմացրել է հայտնի հայ բարեգործին լավ ճանաչող բոլոր մարդկանց: «Միակ պետությունն աշխարհում, որը հիմքեր ուներ դժգոհ լինելու Լեւոն Հայրապետյանի գործունեությունից, հանդիսանում է Ադրբեջանի հանրապետությունը, որի ղեկավարությունը մշտապես մեծ խանդով է վերաբերում հայկական պետությունների հաջողություններին» – հայտարարել է ազատամարտիկը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն իր նավթադոլարներն օգտագործում է սեփական խնդիրները սովորական կաշառքի միջոցով լուծելու համար, ինչը միջազգային տերմինաբանության մեջ ստացել է «խավիարային դիվանագիտություն» անվանումը:
«Ցավոք, Ռուսաստանի որոշ կառույցներում, այդ թվում նաեւ Անվտանգության դաշնային ծառայությունում, դեռեւս աշխատում են անազնիվ մարդիկ, ովքեր պատրաստ են «երեսուն արծաթի» դիմաց հանդես գալ իրենց երկրի շահերի դեմ: Իսկ այն, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուժեղ հայկական պետությունների առկայությունը բխում է Ռուսաստանի դաշնության շահերից, համոզված եմ՝ ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում»,- ասված է Տեր-Թադեւոսյանի հայտարարության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լեւոն Հայրապետյանը ձերբակալվել է Ռուսական Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2014թ. հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից հետ վերադառնալիս եւ հարցաքննվել Քննչական կոմիտեում: Այնտեղ նրան պաշտոնապես հայտարարել են ձերբակալության մասին, իսկ մոտ օրերս Բասմանի դատարանին միջնորդություն է ներկայացվելու Հայրապետյանի կալանքի համար:
Օլիգարխի նկատմամբ միջոցառումներն անցկացվում են Սերգեյ Ֆինագինի կողմից ղեկավարվող հանցավոր խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակներում: Խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին հաղորդել է նախկին պատգամավոր Իգոր Իզմեստեւը, ով այժմ ցմահ ազատազրկման մեջ է:
Լեւոն Հայրապետյանը հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչների տասնյակում է (10-րդ տեղ):





























