Բելգիական քաղաքներից մեկի մոտակայքում ճամբար հիմնած գնչուների խմբին, քաղաքապետի կարգադրությամբ, բարձր երաժշտությամբ խլացրել են՝ նպատակ ունենալով քշել նրանց: Reuters գործակալության փոխանցմամբ, մայրաքաղաք Բրյուսելից շուրջ 50 կմ դեպի արեւելք գտնվող Լանդեն քաղաք գնչուները ժամանել են կիրակի: Քաղաքապետ Ժինո Դեբրուի խոսքով, նրանք հողատիրոջ հետ պայմանավորվել են մինչեւ երեքշաբթի այնտեղ 14 մեքենա կայանելու մասին: «Այդ օրից հայտարարել են, որ չեն հեռանալու, եւ հիմա նրանք այնտեղ են 30 մեքենայով: Այդ տեղանքն արդյունաբերական տարածք է եւ նախատեսված չէ ճամբարի համար»,- ասել է նա:

Դեբրուն նշել է, որ չհեռանալու մասին գնչուների հայտարարությունն իրեն ստիպել է դիջեյ վարձել՝ նրանց երաժշտությամբ խլացնելու համար: «Այդ նրանց վրա ճնշում գործադրելու միջոց է: Շատ դժվար էր բանակցություններ վարել գնչուների թագավորի հետ, ինչպես ինքն էր իրեն կոչում: Այդ առանց բռնի ուժի կիրառման համաձայնության գալու մասին խնդրանք է»,- հայտարարել է քաղաքապետը:

Բելգիական հեռուստատեսությունը ցուցադրել է երաժշտության տակ պարող գնչուների երեխաներին: «Ես ցանկանում եմ շնորհակություն հայտնել քաղաքապետին: Շատ լավ է, որ նա դիջեյ է ուղարկել՝ մեզ համար երեկույթ կազմակերպելու նպատակով»,- ասել է ճամբարի բնակիչներից մեկը: Երաժշտությունը հնչել է օրվա երկրորդ կեսին: Արդյունքում գնչուները համաձայնել են հեռանալ հինգշաբթի: