Ավտովարորդներն անհամբեր սպասում են, թե երբ նախագահը կվավերացնի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, որով նվազեցվելու են տուգանքների չափերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Աքիլես ավտովարորդների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Կարծում եմ՝ ամենաուշը 10 օրից նախագահը կստորագրի նոր օրենքը, որով նախ եռապատիկ-հնգապատիկը կնվազեցվի տասնապատիկի չափով, երկրորդ՝կվերանա տերմինալի միջոցով չվճարված դրամների պատճառով տուգանքի չափերը հնգապատկվելը: Բացի դրանից՝ մենք կունենանք կտրուկ նվազեցում արագությունները գերազանցելու տուգանքների դեպքում»,- ասաց նա:
Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ երբ այս օրենքը մտնի ուժի մեջ, ապա Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը կնվազի 8.8%-ով, հատկապես որ եռապատիկ-հնգապատիկը կազմում է ամբողջ բյուջեի միայն 60%-ը: Այնուամենայնիվ, վարորդների պաշտպանության կենտրոնի նախագահը համոզված է, որ արագաչափերի տեղադրումից հետո վարորդները սկսել են ավելի քիչ խախտումներ անել:
«Վարորդները սկսել են զգուշորեն քշել, բազմաթիվ տեղեր կան, որ արագաչափերն իրենց ֆունկցիան չեն կատարում, քանի որ վարորդները տեղը գիտեն: Մեկ այլ ուրիշ բան ասեմ, որ տեսախցիկների միջոցով սկսել են խորանալ ճանապարհային երթեւեկության կանոների մեջ եւ տուգանում են ասենք՝ մութ ժամանակ խախտել ես լուսային սարքերի օգտագործման կարգը, կամ այսինչ հատվածում կատարել ես հետընթաց՝ խախտելով կանոնը: Այսինքն, սկսել են այսպիսի խախտումներ էլ արձանագրել: Դրա համար վարորդները պետք է սովորեն ճանապարհային երթեւեկության կանոնները, հատկապես նրանք, ովքեր վարորդական իրավունքը ձեռք են բերել գումարով»,- նշեց նա:
Հարկ է նշել, որ վարորդները, հատկապես տաքսու վարորդները շատ են բողոքում, որ ամեն ամիս առնվազն 40 հազար դրամ են վճարում տուգանքների համար: Էդուարդ Հովհաննիսյանի խոսքով՝ ամենաշատը տուգանվում են արագությունը գերազանցելու համար՝ սկսած 10 հազար դրամից. «Ամենաքիչ տուգանքը 3000 դրամ է՝ ամրագոտին չգցելու համար, սակայն այսօր Հայաստանում ամենաշատը խախտում են արագությունը: Իսկ տաքսու վարորդների ամենաթույլ տեղն էլ այն է, որ կենտրոնում ուղեւորին վերցնելու համար իջեցնելու համար մի քանի վայրկյանով կանգնում են եւ արդյունքում տուգանվում 5000 դրամով»:
Նշենք, որ արագաչափերից եւ կարմիր գծանշումներից բողոքում են բոլոր վարորդները:





























