Չեռնոգորիայի, Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի գիտնականները Պուերտո-Ռիկոյում ջրային տիզի նոր տեսակ են հայտնաբերել եւ նրան կոչել հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի պատվին: Litarachna lopezae-ին դուրս են բերել Պուերտո-Ռիկոյի Կարիբյան կղզու շրջանում, 70 մետր խորությամբ:

«Նոր տեսակի համար նման արտասովոր անուն ընտրելու պատճառը պարզ է: Ջենիֆեր Լոպեսի երգերն ու հոլովակները մեր խմբին լավ տրամադրություն էին ապահովում հոդվածը գրելիս եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը դիտելիս»,- Չեռնոգորիայի Պոդգորիցա քաղաքի համալսարանի գիտնականի խոսքերն է մեջբերում AP գործակալությունը:

«Газета.Ру»-ն հիշեցնում է, որ աշխարհի առաջնության բացման արարողության ժամանակ Ջենիֆեր Լոպեսը կատարեց մրցաշարի պաշտոնական երգը: