«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, այնուհետեւ կալանավորված Վալերի Հովհաննիսյանը դեռ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում եւ շարունակում է բուժումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
«Վալերի Հովհաննիսյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ, շարունակում է բուժումը: Առայժմ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա»,- ասաց նա:
Նշենք, որ Վալերի Հովհաննիսյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է հուլիսի 4-ին: Փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալին տեղափոխել են անգիտակից վիճակում, աղիքը կողքից կախված:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։





























