Մոկսվայում հուլիսի 15-ին ձերբակալված հայ գործարար Լեւոն Հայրապետյանի եղբայրը համոզված է, որ ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար է: Այս մասին հայտնում է Artsakh Today մամուլի կենտրոնը:
«Ես եղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում: Տարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները, վստահ եմ՝ ռուսական լրատվամիջոցներում Լեւոնին վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են: Լեւոն Հայրապետյանից որեւէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ իր հետ:
Այս ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է: Իմ հաջողակ եղբայրը հարստանալու մոլուցքով չէր տառապում եւ ունեցած միջոցներն էլ ուղղում էր բացառապես հայրենիքի զարգացմանը, ինչն էլ շատերին ձեռնտու չէր»,- ասվում է Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանության մեջ:
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի գործարար Լեւոն Հայրապետյանին։ Հայ գործարարին ձերբակալելու գործողությունը տեղի է ունեցել քրեական հեղինակություն Սերգեյ Ֆինագինի ղեկավարած հանցավոր խմբավորման գործի քննության շրջանակներում։
Հայրապետյանի՝ խմբավորման հետ ունեցած հնարավոր կապի մասին քննիչներին տեղեկացրել է նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը, որն այժմ ցմահ ազատազրկման է դատապարտված։





























