Երեւանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի դիմացից այսօր՝ հուլիսի 17-ին, ժամը 13։00-ին մեկնարկեց արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության 6-րդ ավտոերթը։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ երթին միացած մի քանի տասնյակ մեքենաները կշրջեն Երեւանի 12 վարչական շրջաններով՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։
«Կոչ ենք անում չվճարել ստացված տուգանքները եւ դրանք բողոքարկել դատարանում»,- բարձրախոսով կոչ են անում ակցիայի մասնակիցները եւ ազդանշաններ տալով՝ շրջում Երեւանի փողոցներով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին նախաձեռնության անդամները, այսօրվա երթը լինելու է ամենաերկարը եւ ներառելու է մայրաքաղաքի բոլոր համայնքները։





























