Վրաստանի ֆիննախի եկամուտների ծառայության աշխատակիցները հայ-վրացական սահմանի «Սադախլո» անցակետում ՀՀ քաղաքացիներից մաքսանենգ ոսկի են առգրավել, հուլիսի 16-ին հայտնել է գերատեսչությունը:

ՀՀ քաղաքացի Մ.Կ.-ն Վրաստանի տարածք էր մտել ավտոմոբիլային անցակետով՝ Հայաստանի կողմից:

 «Զննման ընթացքում եկամուտների ծառայության աշխատակիցները  հայտնաբերել են չհայտարարագրված ապրանք՝ 20 ոսկե մատանի եւ 8 զույգ ոսկե ականջօղ՝ ընդհանուր ավելի քան 122գ քաշով եւ 5, 221 հազար լարի ընդհանուր արժեքով  (մոտ 3 հազ. դոլար)»,- ասված է հաղորդագրությունում:

ՀՀ քաղաքացին սահմանված կարգով տուգանվել է չհայտարարագրված ապրանքին հավասարազոր գումարով:

Նույն օրը նույն անցակետում ձերբակալվել է եւս մեկ ՀՀ քաղաքացի՝ Ա. Դ.-ն, որը հատուկ գաղտնարանում փորձում էր առանց հայտարարագրման Վրաստանի տարածք տանել սիգարետներ:

Մաքսատան սպաները ապրանքը հայտնաբերել են ավտոմեքենան զննելու ընթացքում: Գործն ուղարկվել է Վրաստանի ֆիննախի քննչական ծառայություն, փոխանցում է «Նովոստի-Գռուզիան»: