Քարվաճառում տարիներ շարունակ դիվերսիոն խմբերի ներթափանցման մասին տեղեկություններ են եղել, սակայն մինչեւ ձերբակալություններ չէին եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին ասաց ՀՀ կենտրոնական հավաքակայան այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Տարիներ ի վեր տեղեկություններ կային, որ այդ տարածք խմբեր են ներթափանցում, եւ փառք Աստծո, որ մեր գործողությունների արդյունքում կարողացանք նրանց ձերբակալել»,- ասաց նախարարը։

Լրագրողների հարցին, թե արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ դիվերսանտները հասել էին մինչեւ Վարդենիս եւ նույնիսկ գիշերել հայերի տներում, նախարարը պատասխանեց, որ նման տեղեկություններ չկան։

«Դիվերսիոն խումբը, որ ներթափանցել է Քարվաճառի տարածք, տարբեր ուղղություններով է շարժվել։ Եթե դուք եղել եք Քարվաճառի տարածքում, ապա պետք է հասկանաք, որ այնտեղ լեռնաանտառային պայմանները, բարձրավանդակները, նաեւ այլ պայմանները ներթափանցման հնարավորություն են տալիս։ Իսկ թե Վարդենիս հասել են, թե ոչ, կպարզի քրեական գործի ընթացքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը չեզոքացնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, երկուսին ձերբակալել: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ  գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել: