Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հրազդանի կիրճի փլուզված ճանապարհահատվածի վերականգնման ուղղությամբ իրականացվում են վերակառուցման աշխատանքներ: Մասնագիտական ուսումնասիրությունից եւ նախագծային աշխատանքներից հետո մեկնարկել են շինարարական բուն աշխատանքները: Ամբողջությամբ վերակառուցվելու է ճանապարհային հանգույցը՝ ներառյալ տարածքում առկա ջրահեռացման համակարգը:
Շինաշխատանքների ընթացքին տեղում հետեւել եւ ծանոթացել է Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Պատասխանատուները զեկուցել են, որ ապամոնտաժվել են փլուզման հիմնական պատճառ դարձած նախկին մետաղական կոնստրուկցիաները եւ այժմ կատարվում է ճանապարհի լիցք, որից հետո կկառուցվեն պատնեշներ: Նախագծային լուծումների համաձայն՝ խողովակաշարը շարունակություն կունենա դեպի Հրազդան գետ, կբետոնապատվի եւ այդպիսով արտաքին, ինչպես նաեւ ստորգետնյա ջրերի հոսքը կուղորդվի գետ՝ խուսափելով նաեւ վարարումների ժամանակ հնարավոր փլուզումից եւ ունենալով ապահով ու անվտանգ ճանապարհահատված:
Քաղաքապետի առաջին տեղակալը տեղում պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել եւ ընդգծել, որ աշխատանքները պետք է ավարտվեն համաձայն սահմանված ժամանակացույցի:
«Քանդման սկզբնական աշխատանքներից հետո ի հայտ եկան որոշակի խնդիրներ, որոնց պարագայում միայն փլուզված հատվածի վերականգնումը չէր կարող խնդրին վերջնական լուծում տալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձեռնամուխ եղանք խնդրի հիմնովին լուծման աշխատանքներին եւ որոշվեց այս հատվածում իրականացնել վերակառուցման աշխատանքներ: Սա իսկապես շատ կարեւոր ծրագիր է ինչպես մեր համաքաղաքացիների անվտանգ երթեւեկի ապահովման, այնպես էլ ճանապարհի պահպանման տեսնակյունից: Վերակառուցման շնորհիվ մենք ամբողջությամբ լուծում ենք ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող խնդիրը»,-ընդգծել է Կամո Արեյանը:





























