ԼՂՀ Քարվաճառի տարածք ներթափանցած դիվերսիոն խմբին հայկական կողմը վնասազերծել է հուլիսի 8-11-ը: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին ասաց կենտրոնական հավաքակայան այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մի բան վստահ կարող եմ ասել, որ դիվերսանտները Հայաստան չեն մտել: Իսկ տեղում աշխատել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի եւ անվտանգության ծառայության աշխատակիցները, իհարկե, համագործակցելով Հայաստանի սահմանային բնակավայրերի համապատասխան աշխատակիցների եւ հայկական բանակի ստորաբաժանումների հետ: Կարծում եմ, որ որոնումները կատարվել են շատ բարձր մակարդակի: Նախկինում նման երեւույթի կասկածներ եղել են, սակայն երբեք ձերբակալումներ չեն եղել: Դիվերսիոն խումբը վնասազերծվել է հուլիսի 8-11-ն ընկած ժամանակահատվածում, իսկ 4-5 օրում նման բան անելը բավականին բարդ գործընթաց է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին NEWS.am-ի հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվել էր որեւէ կերպ մեկնաբանել դիվերսիոն խմբի ներթափանցման մասին տեղեկությունները՝ հերքելով 17-ամյա քարվաճառցի տղայի անհետացման փաստը։
Նախարարը չբացառեց, որ հնարավոր է՝ դիվերսանտները գողություններ կատարած լինեն, որոնց մասին տեղեկություններ դեռ չկան. «Հետագա անակնկալներից խուսափելու համար էլ այժմ հետորոնողական աշխատանքներ ենք իրականացնում, համապատասխան միջոցառումներ դիտակետերում, նաեւ սահմանին մշտական գործող որոնողական խմբի ապահովման ուղղությամբ»։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը չեզոքացնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, երկուսին ձերբակալել: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել:





























