Նախօրեին դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Գետափ գյուղում: Գյուղի երիտասարդ բնակչուհուն՝ 23-ամյա Անուշիկին ընտանիքի անդամները հուլիսի 16-ին հայտնաբերել են տանը՝ առաստաղից կախված վիճակում, սակայն դեպքը տեղի է ունեցել մեկ օր առաջ:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է գյուղապետ Գոռ Ստեփանյանը, Անուշիկը երկու եղբայր ունի, որոնցից մեկը մեկ ամիս առաջ զորակոչվել է բանակ: Հայրը մեկ տարի առաջ է մահացել: Մայրն ու մի եղբայրը հուլիսի 15-ին գնացել են եղբորը տեսության եւ վերադառնալով՝ դստերը գտել են կախված:
Դեպքը հանկարածակիի է բերել ոչ միայն ընտանիքի անդամներին, այլեւ համագյուղացիներին: Բոլորը զարմացած են, որ այդ ընտանիքում կարող էր նման բան տեղի ունենալ:
Գյուղապետը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Անուշիկը մոմ եւ սրբապատկերներ էր վաճառում եւ կարողանում էր գումար վաստակել ու ապրել, այսինքն սոցիալական ծայրահեղ խնդիրներ չկային, որ նա նման քայլի դիմել: «Առողջական խնդիրներ էլ չուներ, շատ լավ ընտանիք են, զարմանալի է, թե ինչու է նման քայլի դիմել, ոչ մեկս պատճառը չգիտի, չենք կարող ասել, ինչը կարող էր ստիպել նրան այդ բանն անել»,-ասել է Գոռ Ստեփանյանը:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ինչպես վստահեցրել են ոստիկանությունից, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:





























