2013թ. համեմատ Հայաստանում պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության մակարդակը նվազել է, հուլիսի 17-ի մամուլի ասուլիսւմ հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով պետական հիմնարկների պաշտոնական կայքերի հերթական դիտարկման արդյունքները:
Ըստ նրա՝ դանցից շատերում բացակայում է կամ թերի է ներկայացված բյուջետային ծախսերի, տարբեր ստուգումների, թափուր աշխատատեղերի կամ դատավարությունների մասին տեղեկատվությունը:
Ուսումնասիրությունն անցկացվել է 146 չափորոշիչներով: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է պետական մարմինների 44 պաշտոնական կայք, որոնք այնուհետեւ բաժանվել են երկու խմբի: Առաջինում 34 նախարարությունների եւ այլ կառույցների կայքերն են, երկրորդում՝ հանրապետության 10 մարզերի պաշտոնական կայքերը: Ըստ արդյունքների կազմվել է կայքերի վարկանիշային աղյուսակ՝ հաշվի առնելով տեղեկատվական թափանցիկության մակարդակը:
Պատկերը հետեւյալն է. առաջին հնգյակում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության www.mta.gov.am, Պետական միգրացիոն ծառայության www.smsmta.am, էկոնոմիկայի նախարարության www.mineconomy.am, Քաղծառայության խորհրդի www.csc.am եւ արդարադատության նախարարության www.moj.am կայքերը: Տասնյակը եզրափակում է ԿԳ նախարարության www.edu.am կայքը:
30-33-րդ տեղերում են Պետական գույքի կառավարման վարչության www.privatization.am, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության www.minenergy.am, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի www.tvradio.am, բնապահպանության նախարարության www.mnp.am կայքերը:
34-րդ տեղում է Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի www.anra.am կայքը:
Ինչ վերաբերում է մարզերին, տեղեկատվական թափանցիկության ամենաբարձր մակարդակը Արագածոտնի մարզպետարանի www.aragatsotn.gov.am կայքինն է, 10-րդ տեղում է Սյունիքի մարզպետարանի www.syunik.gov.am կայքը:
Ուսումնասիրության վերջնական արդյունքները կհրապարակվեն ընթացիկ տարվա աշնանը:





























