Բոլոր փաստերը կան, որ հուլիսի 11-ին ձերբակալված ադրբեջանցիները դիվերսանտներ են եղել: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Առաջին հերթին՝ նրանց պատրաստվածության մակարդակը: Այսօր շրջանառվում են լուրեր, որ դիվերսանտները պետք է երիտասարդ լինեն, բայց ընդհակառակը, այդպիսի գործողություններին մասնակցում են միշտ հմուտ, պատերազմ անցած եւ տարիքով աձնավորություններ, որոնք տեղանքը լավ գիտեն եւ հակառակորդի թիկունքում կենցաղ եւ այլ խնդիրներ վարելու հնարավորություններ ունեն։ Նրանց հանդերձանքն էլ է ապացուցում, որ նրանք հատուկ պատրաստված ստորաբաժանումների ներկայացուցիչներ են»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարը նաեւ դժգոհեց, որ հանրությունում թերահավատորեն են վերաբերում նրան, որ ձերբակալվածները դիվերսանտներ են:
«Ամբողջ մեր հանրությունը եւ նաեւ շատ մեր մարտական ընկերներ ուզում են ապացուցեն, որ դա դիվերսանտ չէ. ի՞նչ է դա տալու մեր հանրությանը: Մենք ուզում ենք խրախուսե՞լ մեր զինվորին, թե» հուսալքել, որ ինքը մեծ խնդիր է կատարել, հիմա էլ հանրությունը ասում է, որ ինքը դիվերսանտ չի եղել, հասարակ գող է եղել: Հասարակ գող լինի, թե դիվերսանտ, նա խախտել է այն օրենքները, որոնք որ կան Քարվաճառի տարածքում, ԼՂՀ տարածքում, դա նշանակում է, որ նա պետք է ձերբակալվեր եւ պատասխան տար»,- ասաց նախարարը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը, որը չեզոքացնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի, երկուսին ձերբակալել: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը: Դիվերսանտները նաեւ սպանել են Քարվաճառի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին: Կատարվածի առնչությամբ ԼՂՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել:





























