Հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչ եւ ռուսական խոշոր գործարար Լեւոն Հայրապետյանի փաստաբան Իգոր Կոմարովի խոսքով, քրեական գործի նախնական ձեւակերպումը, որում Հայրապետյանը ներգրավված է որպես կասկածյալ, վերջնական չէ:
«Հետաքննության փուլում այն կարող է մի քանի անգամ փոփոխվել: Առայժմ չեմ կարող որեւէ մեկնաբանություն տալ, քանի որ գործում ներգրավված եմ ընդամենը մեկ օր: Նույնիսկ չգիտեմ, թե երբ են Լեւոն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ հարուցել: Գիտեմ միայն, որ այն տնտեսական է»,- Կոմարովի խոսքերն է մեջբերում «Коммерсант»-ը:
Ինչպես արդեն հաղորդվել է, Մոսկվայի Բասմանի դատարանը լիազորել է Լեւոն Հայրապետյանի կալանավորումը, ում կասկածում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցները վատնելու եւ լվանալու մեջ:
«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ Լեւոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը մինչեւ սեպտեմբերի 15-ը»,- հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեեւան:
Որոշումն ընդունելիս դատարանը հաշվի է առել, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերն ու թաքնվել հետաքննությունից, ինչպես նաեւ ազդել քրեական գործի մասնակիցների վրա:





























