Հանրությունը սկսել է ավելի շատ վստահել բուհերի ընդունելության քննություններին, հուլիսի 17-ին լրագրողներին ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա՝ մի շարք մասնագիտությունների գծով անցումային միավորի իջեցումը չի վկայում ուսանողների գիտելիքների որակի նվազման մասին: Անցումային միավորը կախված է առաջադրանքների բարդությունից եւ ընդունվողների թվից: «Կան մասնագիտություններ, որոնց համար շեմը բարձրացել է եւ կան այնպիսիք, որոնց համար իջել է», - հավատացրել է նախարարը:
Վերջին տարիների քննական քաղաքականությունը, ըստ նրա, լիովին արդարացված է. հանրային խուճապը նվազել է: «Ընտրություններն ու քննությունները Հայաստանում միշտ մեծ ուշադրության ներքո են եղել: Այժմ այս ցուցակից քննությունները կարելի է հանել: Նախկինում ընդունելության քննություններին ուր գնում էի, ծնողներից շատ լրագրողներ կային: Այժմ հակառակը, երբ թեկուզ մեկ լրագրող եմ տեսնում, ուրախանում եմ՝ վերջապես քննությունները ինչ-որ մեկին հետաքրքրեցին: Եթե թեման դարձել է պակաս հնչեղ, ուրեմն մարդիկ ավելի շատ են վստահում ընդունող հանձնաժողովներին», - ամփոփել է Արմեն Աշոտյանը:





























