Հայաստանի քաղաքացիները ՌԴ աշխատանքի շուկայում կարող են իրավահավասար դառնալ ռուսներին: Այդ մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողներին հայտարարեց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:
Նա հիշեցրեց, որ հուլիսի 11-ին Սոչիում կնքված համաձայնությամբ, Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի տարածքում կարող են աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվությունների եւ հարկերի վճարման, այսինքն՝ ընդունող երկրի քաղաքացիների հետ ընդհանուր հիմունքներով: Բացի այդ, աշխատանքային պայամանագրի ժամկետում ողջ ընթացքում ոչ միայն միգրանտները, այլ նաեւ նրանց ընտանիքի անդամները կհամարվեն օրինական բնակվողները: Նրանց կարգավիճակի օրինականացման անհրաժեշտությունն այլեւս կվերանա: Նույն արտոնությունները տրամադրվում են նաեւ Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ:
Եգանյանը նշեց նաեւ, որ միջկառավարական այդ համաձայնագիրը, որը լուծում է տալիս նշված խնդիրներին, ռուսական կողմում դեռ քննարկվում է եւ չի ավարտել իր ներպետական համաձայնեցման գործընթացը:
«ՌԴ աշխատանքի նախարարությունը որոշակի վերապահումներ ունի այդ համաձայնագրի տեքստի նկատմամբ, որի առնչությամբ ՌԴ կառավարության նախագահը խոստացել է լուծում տալ»,-ասաց Եգանյանը:
Հիշեցնենք, որ Սոչիի համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին եւ Հայաստանի Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի կողմից: Փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների կառավարությունների ղեկավարների՝ Հովիկ Աբրահամյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի բանակցությունների արդյունքում:





























