Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր՝ հուլիսի 17-ին ընդունել է «Սիանս Պո» ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ողջունել է Հայաստանում  «Սիանս Պո» Արմենիա-ի գործունեությունը` կարեւորելով վերջինիս գիտակրթական եւ հետազոտական, ինչպես նաեւ քաղաքական եւ տնտեսական  ոլորտների առաջատար ղեկավարների վերապատրաստման կուրսերը: Ա. Աշոտյանի խոսքով` նման հաստատության բացումը տարածաշրջանում աննախադեպ իրադարձություն է եւ, ըստ էության, առաջինն է ԱՊՀ տարածքում: Նախարարը նշել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն ավանդաբար գտնվում են բարձր մակարդակի վրա` ընդգծելով, որ պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախատեսվող միջոցառումներին:

«Սիանս Պո» ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալը ողջունել է Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնումը` նշելով, որ այն նոր խթան կհանդիսանա` Հայաստանի կրթական ոլորտի ինտեգրմանը եվրոպական միասնական կրթական տարածքին: Վերջինիս խոսքով` «Սիանս Պո» Արմենիան ՀՀ հանրային ծառայողներին եւ ուսանողներին առաջարկում է համատեղ բարձրագույն մասնագիտական (մագիստրոսի որակավորմամբ), հետբուհական կրթական ծրագրեր եւ լրացուցիչ, շարունակական կրթություն` ընդգծելով, որ ընկերությունն իր ծառայությունը կմատուցի ոչ միայն հայ ուսանողներին, այլեւ օտարերկրյա քաղաքացիներին` դառնալով նաեւ տարածաշրջանում միջազգային մակարդակի կառույց: