Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 17-ին հանդիպեց Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ երեւանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեվիսին:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում խոսելով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» եւ «Հայաստանի հարավային երկաթուղի» ծրագրերի մասին՝ Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ երկու նախագծերն էլ խոշոր ռազմավարական նշանակություն ունեն Հայաստանի համար: Դրանց իրականացմամբ նոր ճանապարհներ կբացվեն դեպի արտաքին շուկա, ինչն էլ կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Մարկ Դեվիսը նշեց, որ ՎԶԵԲ-ը, համագործակցելով ներդրումային այլ բանկերի հետ, պատրաստակամ է ներդրումներ կատարել ճանապարհաշինական մի շարք ծրագրերում, մասնավորապես «Հյուսիս - հարավ» ներդրումային ծրագրում եւ Մ-6, Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ «Բագրատաշեն» կամրջի կառուցմանն առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։