Պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապատված Վոլոդյա Ավետիսյանի երեք անչափահաս երեխաներն այսօր՝ հուլիսի 17-ին, պաստառներով Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան էին գնացել՝ ներկա լինելու իրենց հոր դատավճռի հրապարակմանը եւ սատարելու նրան։

7- ամյա Սվետա Ավետիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ հայրը նստացույցի է մասնակցում, ինքն էլ շատ է կարոտել հորը։ Նա դատարան էր եկել «Ազատություն հայրիկիս» պաստառով։

10-ամյա Նոյ Ավետիսյանը, որը դատարան էր եկել «Պայքարում ենք օրենքով պետության համար», ասաց, որ շատ է ուզում, որ իր հայրիկին ազատ արձակեն, բայց չգիտի՝ այսօր ազատ կարձակեն, թե՝ոչ։

11-ամյա Ալլա Ավետիսյանը հուզված էր եւ ասաց,որ շատ է ուզում՝ հայրը վերադառնա տուն։

Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը բազմազավակ հայր է, ունի 6 երեխա, որոնք մնացել են մոր խնամքին եւ ապրում են սոցիալապես ծանր պայմաններում։

Նշենք, որ այսօր դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման՝ հօգուտ պետության 814 000 դրամի բռնագանձմամբ։ Նշենք, որ դատախազը 6 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել նրա համար։

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։