Վոլոդյա Ավետիսյանին մեղսագրվող հանցագործությունների համար նման պատժաչափ վերջին 20 տարում չէր եղել։ Այս մասին այսօր հուլիսի 17-ին NEWS.am-ին ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, որն այսօր ներկա էր Վոլոդյա Ավետիսյանի գործո դատավճռի հրապարակմանը։
«Ռեկորդ ենք սահմանում այս առումով, սակայն ինչ կատարվեց, եւ ինչ կատարվում է, նորություն չէ մեզ համար, օկուպացիոն ռեժիմը շարունակում է իր գործելաոճը, մենք այդ մարտահրավերը ընդունել ենք, պայքարել ենք ու պայքարելու ենք, եւ համոզված եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին, եւ ոչ ուշ ապագայում այս գործող համակարգը ջախջախվելու է»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Նա վստահ է, որ Վոլոդյա Ավետիսյանին իշխանությունները «պատժում են» իրենց ասածը չանելու պատճառով։
«Ինչքան երկար Վոլոդյային եւ Վոլոդյայի նմաններին անազատության մեջ պահեն, այս ռեժիմից ազատվելու մարտական տրամադրությունները սաստկանալու են»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը։
Նշենք, որ այսօր դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեց 6 տարի ազատազրկման՝ հօգուտ պետության 814 000 դրամի բռնագանձմամբ։ Նշենք, որ դատախազը 6 տարի 6 ամիս ազատազրկում էր պահանջել։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար։





























