Քանի դեռ Լեւոն Հայրապետյանի խնդիրը գտնվում է իրավական տիրույթում, դա մեզ չի վերաբերվում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Լեւոն Հայրապետյանի հետ կատարված միջադեպը գտնվում է իրավական տիրույթում, քաղաքական գնահատականներ հնչեցնելը արդարացված չէ։ Կհետեւենք, կտեսնենք։ Լեւոն Հայրապետյանը մեծ ներդրում ունի Արցախի Հանրապետության կայացման գործում, սա միանշանակ է։ Սա մեր իրավասության ներքո չէ։ Ինչ վերաբերվում է Արկադի Տեր-Թադեւոսյանի գնահատականին, թե սա Ադրբեջանի պատվերն է, ապա մեր ազգային հերոսը իրավունք ունի ունենալ իր կարծիքը»,- ասաց նա։
Նշենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով: Նա երկու ամսով կալանավորվել է:





























