Go2Armenia ընկերությունը «ՅուՏէյր» ավիաընկերության աջակցությամբ առաջին անգամ մեծամասշտաբ ծրագիր է իրականացնում Հայաստանում ներգնա տուրիզմը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ: Աշնանը Երեւանում մեկնարկելու են Մոսկվայից, Կրասնոդարից, Դոնի Ռոստովից չվերթները: Դրանք իրականացվելու են ամբողջ տարին, շաբաթը երկու անգամ: Իսկ 2015 թվականից ծրագիրն ընդգրկելու է Ռուսաստանի՝ 11, եվրոպական՝ 11 եւ ասիական 7 երկիր: Ծրագրերը ծավալուն են, սակայն, նախաձեռնողների խոսքով, իրական, քանի որ հիմնված են Հայաստան ժամանողների մանրակրկիտ վերլուծության վրա: Go2Armenia ընդունող ընկերությունը ղեկավարում է ռուսական շուկայում հայտնի մասնագետ Արկադի Գեւորգովը:

Նրա խոսքով, ընկերությունը «ՅուՏէյր»-ի կանոնավոր չվերթներում մշտական տեղեր է վերցրել. շաբաթը 100 նստատեղ՝ երեք քաղաքների համար: «Ապրանքն իսկապես զանգվածային դարձնելու համար տուրօպերատորական մոտեցում է անհրաժեշտ: Մենք առաջարկում ենք լիարժեք տուր՝ չվերթով, ապահովագրությամբ, տեղավորմամբ եւ այլն: Հյուրանոցների հետ խիստ պայմանագրեր են կնքվել, այնպես որ՝ մեզ մոտ ամեն ինչ երաշխավորված է: Եվ մեր փաթեթն ավելի էժան է, քան առաջարկների մեծ մասը, որոնք միայն հյուրանոցում տեղավորում են նախատեսում»,- RATA-news-ին պատմել է Արկադի Գեւորգովը:

Go2Armenia-ն հայկական ընդունող կազմակերպություն է: Ռուսաստանում այն աշխատում է BTA Group-ի միջոցով, սակայն ոչ բացառիկ պայմաններով: Նախատեսվում է նման համագործակցություն սկսել շահագրգիռ այլ տուրօպերատորների հետ նույնպես: Շուկան արդեն գնահատել է այս ապրանքը: «Մոսկվայից եւ Կրասնոդարից ամեն օր են ամրագրումներ լինում: Ռոստովի հարցում հարկավոր է փոքր-ինչ հապաղել, քանի որ մեր ծրագրերը համընկել են տեղական օդանավակայանի վերանորոգման հետ»,- ասել է Գեւորգովը:

Օպերատորը ներկայում ամենշաբաթյա խմբակային էքսկուրսիաներ է առաջարկում դեպի Հայաստան. դրանք մեկնարկելու են ամեն հինգշաբթի, տեւելու են 4 օր/3 գիշեր եւ մեկ անձի համար արժենալու են 369 եվրոյից սկսած, ինչպես նաեւ ամեն կիրակի՝ 8 օր տեւողությամբ, մեկ անձի համար՝ սկսած 696 եվրոյից: Երաշխավորվում են համարներ Nairi 3*, Hyatt Place 4*, Best Western Congress 4*, Royal Tulip 5*, Marriott 5* հյուրանոցներում:

Լինելու են էքսկուրսիա ներառող փաթեթներ, ինչպես նաեւ պարզապես փոխադրում-հյուրանոց ներառող փաթեթ՝ ընդամենը 299 եվրո 4 օրվա համար: Միայն ավիատոմս վաճառել հայկական ընդունող կազմակերպությունը չի ծրագրում: 

Եվս երկու շաբաթ անց պատրաստ կլինեն նաեւ Ծաղկաձորին առնչվող առաջարկները. ճանաչված լեռնադահուկային հանգստավայր, որը տեղակայված է Երեւանից 50 կմ դեպի հյուսիս-արեւելք:

2013 թվականին երկիր 924.965 օտարերկրացի զբոսաշրջիկ է ժամանել. շուրջ 13%-ով ավելի նախորդ տարվա համեմատ: Ամեն տարի երկիր ժամանողների հոսքն աճում է 10-15%-ով: Հայաստանը Ռուսաստանից ժամանումների թվով ԱՊՀ-ում առաջատար երկրներից է: 2012 թվականի տվյալներով, Ադրբեջան 183.300 ռուսաստանցի է ժամանել, Վրաստան՝ 52.500, Հայաստան՝ 48.100: Հյուրերի մեծ մասը ժամանում է անհատական կարգով կամ հանգիստը համադրում է գործուղման հետ: Խմբակային զբոսաշրջիկների թիվը կազմում է ընդհանուր հոսքի շուրջ 10%-ը, իսկ պատճառը նույնն է. ուղեւորության բարձր արժեքը: