Ութ պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի բանակի ցամաքային գործողությունն սկսելուց հետո: Ըստ նախնական տվյալի` զոհերի շարքում կա երեք ամսական տղա:
Միաժամանակ Իսրայելի իշխանությունները զինվորականներին հրամայել են պատրաստվել ցամաքային գործողության ընդլայնմանը: Գործողությանը մասնակցում են ավիացիան եւ ռազմածովային ուժերը:
Իսրայելի կառավարության մամուլի քարտուղար Մարկ Ռեգեւը հայտարարել է, որ ներխուժման նպատակն է պաղեստինցի գրոհայինների կողմից զենք տեղափոխելու համար փորած ստորգետնյա թունելների ոչնչացումը: Իշխանություններն ընդգծել են, որ գլխավոր խնդիրն է ռազմական առումով թուլացնել ՀԱՄԱՍ-ը, այլ ոչ թե խմբավորումն իշխանությունից հեռացնելը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը դատապարտել է ռազմական գործողությունների վերսկսումը: Նա ՀԱՄԱՍ-ին կոչ է արել անմիջապես դադարեցնել Իսրայելի ռմբակոծումը, իսկ Թել Ավիվին` հրաժարվել ռազմական գործողությունից, եւ խնդրել է անել հնարավոր ամեն ինչ` քաղաքացիներին, ՄԱԿ-ի սեփականությունը եւ անձնակազմին պաշտպանելու համար:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին էլ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել զերծ մնալ Գազայի հատվածում բռնությունը թեժացնելուց, սակայն նշել է, որ Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի:





























