Ուկրաինայում ավիավթարի մեղավորները պետք է պատասխան տան միջազգային դատարանում, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը: Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսին, հաղորդում է Ukrinform-ը:

Յացենյուկը ողբերգության մեջ մեղադրում է  Ռուսաստանի իշխանություններին եւ պահանջում է նրանց դատել միջազգային դատարանում:

«Ռուսները չափն անցան: Սա միջազգային հանցագործություն է , որի համար պետք է Հաագայում պատասխան տան: Եվ միջազգային տրիբունալում տեղը կբավականացնի, այնտեղ բոլորը կտեղավորվեն», - ընդգծել է Յացենյուկը:

Հիշեցնենք, որ «Մալազիական ավիաուղիներ» Boeing-777-ը հուլիսի 17-ին Ամստերդամ (Նիդեռլանդներ)-Կուալա Լումպուր (Մալազիա) չվերթն իրականացնելիս վթարի է ենթարկվել Դոնեցկի տարածքում: Վերջին տվյալներով՝ աղետի հետեւանքով 298 մարդ է զոհվել:

Ուկրաինան երկրի արեւելյան որոշ շրջաններում փակել է օդային տարածությունը: