Խոշոր հայ գործարար Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը մասնակից են Բաքուն կամ Երեւանը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 18-ի մամուլիսի ասուլիսին հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով Ադրբեջանը կարող է շահագրգռված լինել Հայրապետյանի ձերբակալությամբ, քանի որ վերջինս Լեռնային Ղարաբաղում հայտնի է բավականին լուրջ գործունեությամբ:

Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանին, ապա վերջին ժամանակներս ձեռնարկատերը բավականին կտրուկ քննադատում էր իշխանություններին եւ խոսում էր տարատեսակ փոփոխությունների մասին, ինչը կարող էր դուր չգալ հայաստանյան ղեկավարությանը:

«Դատելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարությունից՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունների համար գործարարի մեղավորությունը ակնհայտ է, այն դեպքում երբ դա դեռ վերջնականապես ապացուցված չէ», - նշեց Մարտիրոսյանը:

Բացի այդ, նրա կարծիքով, «այն հոդվածները, որով մեղադրում են Հայրապետյանին անորոշ ու լղոզված են»: Ըստ Մարտիրոսյանի, այդ հոդվածներով կարելի է դատել ցանկացած ձեռնարկատիրոջ:

Հատկանշական է, որ ընդդիմադիրը տվյալ գործում բացառել է ռուսական հետքը, քանի որ համոզված է, որ Ռուսաստանում գործարարներին ձերբակալում են միայն այն դեպքեւմ, եթե դրանք ֆինանսապես աջակցում են ընդդիմությանը: «Իսկ Հայրապետյանն այդ հարցում ծայրահեղ պասիվ էր»:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ զրույցում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ Լեւոն Հայրապետյանը կալանավորվել է օրենքի խախտման պատճառով: