APA գործակալության փոխանցմամբ, փոխվարչապետ, փախստականների եւ տեղահանվածների պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ «եթե կարճ ժամանակում առեւանգվածների հետ հանդիպում չկազմակերպվի, ապա ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցչության նկատմամբ լուրջ միջոցառումներ կձեռնարկվեն, ընդհուպ մինչեւ երկրից արտաքսումը»:

Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգայի կոմիտեի ադրբեջանական գրասենյակին լուրջ նախազգուշացում է արվել: Ա. Հասանովի խոսքով՝ այն, որ մեկ շաբաթվա ընթացքում չհաջողվեց «Քարվաճառում առեւանգվածների» հետ հանդիպում կազմակերպել, կասկածի տակ է առնում ԿԽՄԿ-ի անաչառությունը: «Ադրբեջական կողմից գերեվարվածներից կամ առեւանգվածներից ո՞վ է փորձությունների ենթարկվել: Ինչո՞ւ, հենց միայն երբ ադրբեջանական կողմից հայ է առեւանգվում, ԿԽՄԿ դիմում է ադրբեջանական կառավարությանը եւ անմիջապես հանդիպում է կազմակերպվում: Ինչո՞ւ հայկական կողմը դա չի անում: Ուստի ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հետ հանդիպման ժամանակ ես լրջորեն նախազգուշացրել եմ, որ այդ գրասենյակի նկատմամբ լուրջ քայլեր կձեռնարկվեն, ընդուպ մինչեւ երկրից արտաքսումը…Թող նրանք նեղություն տան իրենց որոշակի քայլեր ձեռնարկել»:

Հիշեցնենք, որ «առեւանգվածներն» իրականում դիվերսիոն-հետախուզական խմբի անդամներն են: Պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության խորհրդի եւ ոստիկանության կողմից օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքներով, Շահումյանի շրջանում հայտնաբերվել ռւ ձերբակալվել են ապօրինաբար սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Ջալալօղլի Գուլիեւը, (1968թ.ծնված) ինչպես նաեւ քաղաքացի Դիլհամ Գարդաշխանօղլի Ասքերովը (1960թ. ծնված): Ձերբակալության ժամանակ դիմադրած եւ ոչնչացված անձի տվյալները ճշտվում են: