Հարձակողական այն զենքերը, որը Ռուսաստանը վաճառում է Ադրբեջանին, Ադրբեջանն ի վերջո ուղղելու է հենց Ռուսաստանի դեմ: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Բոլորովին հասկանալի չէ այն, որ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ստրատեգիական գործընկերը, հարձակողական զենքեր է վաճառում Ադրբեջանին: Այդ զենքերը Ադրբեջանը վերջը թեքելու է հենց Ռուսաստանի դեմ, նրանք դա դեռ չեն գիտակցում»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը:
Գրողների միության նախագահի կարծիքով՝ Հայաստանը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի եւ չխուսափի ոչ միայն պաշտպանողական, այլեւ հարձակողական նոր տիպի զենքեր գնելուց:
«Քանի որ Ադրբեջանը բացահայտ խախտում է զենքի քանակի սահմանափակման քվոտաները, մենք եւս պետք է զինվենք ժամանակակից թե՛ հարձակողական, թե՛ պաշտպանողական զենքերով»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը:
Էդվարդ Միլիտոնյանի խոսքով՝ սփյուռքի հայ համայքները ավելի շատ կենտրոնացել են Ցեղասպանությանը վերաբերող հարցերի վրա եւ տարանջատում են Արցախի հարցը Ցեղասպանության հարցից:
«Սփյուռքի մեր համայնքները միակողմանի մասնագիտացել են Ցեղասպանությանը վերաբերող հարցերը աշխարհի առջեւ դնելու մեջ, բայց այսօր աշխարհը մեր պետության առջեւ բոլորովին այլ խնդիրներ է դնում: Ես կարծում եմ, որ մենք Արցախի հարցը եւ Ցեղասպանության հարցը պետք է միասնական դնենք: Մեր ժողովուրդը պիտի հասկանա, որ ուժեղ երկրները բացահայտ կերպով որեւէ մեկին չեն սատարելու»,- ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողություններին՝ Գրողների միության նախագահը նկատեց, որ սա մեկ առանձին դեպք չէ։
«Պետք չէ մտածել, թե Ադրբեջանը հանկարծակի որոշեց դիվերսիոն խումբ ուղարկել: Դա իրենց կողմից մեթոդաբար համակարգված գործելաձեւ է, որը միտված է աշխարհում Ղարաբաղի հարցը անվերջ տաք պահելուն։ Մենք երբեք չպետք է մտածենք, որ իրենք մեզ հանգիստ են տալու»:





























