«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի կարծիքով՝Ռուսաստանը ձգտում է Ղարաբաղի ժողովրդի ներքին իմունիտետի ոչնչացման՝ բարոյալքման միջոցով, եւ գործարար, ծնունդով արցախցի Լեւոն Հայրապետյանի կալանավորումը Ռուսաստանում պետք է դիտարկել այդ համատեքստում։
«Ժողովրդի բարոյալքմանն ուղղված նկատելի քայլ է նաեւ Լեւոն Հայրապետյանի ձերբակալությունը: Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է իրականում ոչ թե զենք, այլ հենց Ղարաբաղը, որը իրականացվել է քաղաքական, ռազմական ու հետախուզության, ինչպես նաև բարոյական, դիվանագիտական քարոզչության միջոցով»։
Շանթ Հարությունյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները գիտակցում են դա, սակայն շարունակում են պնդել, թե դա զուտ բիզնես է։
«Պատկերացրեք՝ մի մարդ մյուսին է վաճառում գողացված մեքենա՝ պարտավորվելով զուգահեռ վաճառել նաև պահեստամաասեր ու բենզին, իսկ իրական տերը բողոքում է ոչ թե այդ մեքենան գողանալու և վաճառելու, այլ դրա համար բենզին եւ պահեստամասեր վաճառելու համար»,-ասաց նա։
Նշենք, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեն Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով` ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (վատնում) եւ 174-րդ (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացում) հոդվածներով:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):





























