Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարից տուժած Էմմա Հակոբյանը վթարի ժամանակ նստած է եղել «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետեւի  նստարանին, քրոջ՝ Տաթեւ Հակոբյանի կողքին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին,Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին ասաց տուժող Էմմա Հակոբյանը։

«Տղաներով իրար հետ էին նստած, Տաթեւը՝ իրենց մեջտեղում, ես էի նստած, քանի որ փոքրամարմին եմ, մի փոքր առաջ էի նստած, դիմացը բաց տարածք էր, դրա համար վթարից հետո հայտնվել եմ նստատեղերի արանքում։ Տաթեւը հեռախոսով էր խաղում, տղաներն էլ խոսում էին»,- ասաց Էմմա Հակոբյանը։

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հարցին՝ ճանաչում է արդյոք Սիրանույշ Տռուզյանին, Էմմա Հակոբյանը սկզբում պատասխանեց՝ ոչ, ապա ասաց. «Իմ ընկերը չէ, իմ ծանոթն է»։ Հարցին, թե ինչու սկզբում ասաց, որ չի ճանաչում, նա արդարացավ. «Ինքը իմ ծանոթն է, ես  պարտավոր չեմ ասել՝ ում եմ ճանաչում, ում ոչ»։

Փաստաբանը տուժողին հարցրեց՝ արդյոք իրականությանը համապատասխանում է Սիրանույշ Տռուզյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցում հայտնած տեղեկությունը՝ մեջբերելով հարցազրույցի հետեւյալ հատվածը. «Ինքը՝ Էմմա Հակոբյանը, նստած ա եղել  նստարանների արանքում, երեխեքը երեքով հետեւն են նստած եղել, դեմքով դեպի երեխեքն է նստած եղել մեջտեղում։ Էդգարին Էմուլն ասել ա՝ արի նստի իմ տեղըն մեջքս ցավում ա , ինքն էլ ասել ա՝ ես Էդոյիս հետ պիտի նստեմ։ Իրանք իրա հետ շատ մոտ են եղել ախպերներով։ Էմուլին դրա համար ոչ մի բան չի եղել, կրծքի տակի ողն ա կոտրվել միայն»։

Տուժողն ասաց, որ դա սուտ է. «Ամբողջ Աշտարակում նենց վիճակ էր, ես չէի կարող իրան մանրամասներ պատմել, տարբեր խոսակցություններ են եղել, ես ի վիճակի չեմ եղել նրա հետ խոսելու, առավել եւս՝ նման բան պատմելու»։

Նիկոլայ Բաղդասարյանն այս դատական նիստին միջնորդեց գործին կցել տուժողների՝ NEWS.am-ին տված հարցազրույցներից մեկը։ Դատավորը բավարարեց միջնորդությունը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզարակացության, Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։