Չի կարելի Հայաստանում ջրի անբավարարության հետ կապված բոլոր խնդիրները Սեւանի ջրով լուծել, հուլիսի 18-ին լրագրողներին ասել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն  Էվելինա Ղուկասյանը: Ըստ նրա՝ ջրի պակասը պետք է այլ միջոցներով լրացնել, որոնցից հիմնականը ոռոգման համակարգում կորուստներն են, որոնք առանձին հատվածներում հասնում են 70%-ի:

«Չի կարելի պնդել, թե  վերջին տարիներին ոչինչ չի արվել: Ես  բնապահպանության փորձագետ եմ աշխատել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում եւ տեսել, թե ինչպիսի մեծ աշխատանք է իրականացվել ոռոգման համակարգը թարմացնելու ուղղությամբ:  Սակայն դա բավարար չէ. համակարգի հսկայական հատվածներ դեռեւս գործառական առումով անպետք են», - ասել է Ղուկասյանը:

Իր հերթին Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն  տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը  նշել է, որ ոռոգման ջուրը չի բավականացնում նաեւ կլիմայական պայմանների փոփոխության պատճառով: Վերջին տարիներին բարձրլեռնային ձյունն արդեն չի հասցնում ներծծվել հողում եւ հասնել աղբյուրներին: Այժմ այն արագ լցվում է գետերը, իսկ վերջում էլ՝ Արաքս եւ Հայաստանի սահմաններից դուրս: «Ես այդ բնագավառի մասնագետ չեմ, սակայն խնդիրն ակնհայտ է: Նոր ջրամբարների շինարարությամբ կամ այլ կերպ, սակայն այն պետք է լուծել», - նշել է Գաբրիելյանը: