Russia Today հեռուստաալիքի բրիտանական խմբագրության թղթակից Սառա Ֆերտը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Լրագրողուհին բողոքում է հեռուստաալիքի կողմից Ուկրաինայի Դոնեցկի շրջանում Malaysia Airlines ընկերության «Բոուինգ 777»-ի ավիավթարի լուսաբանման ձեւից:
«RT աշխատելաոճի առաջին սկզբունքը հետեւյալն է. ինչ էլ որ պատահի, մեղավորը ՄԻՇՏ Ուկրաինան է», - Twitter-ի իր էջում հայտարարել է Սառա Ֆերտը:
Թղթակիցը ավելացրել է, որ եթե RT-ի աշխատակիցը կորցնում է հավատը լրատվամիջոցի տեսակետի նկատմամբ, ապա այլեւս անօգուտ է շարունակել աշխատանքը: Ֆերտի խոսքով՝ անհրաժեշտ է ամբողջությամբ կիսել պարբերականի տեսակետը իրադաձությունների շուրջ որոշակի հաջողությունների հասնելու համար:
«Ես խորապես հարգում եմ մեր խմբի շատ աշխատակիցներին, սակայն ես ճշմարտության կողմնակից եմ», -իր միկրոբլոգում գրառել է լրագրողուհին:




























