ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերից մեկում հուլիսի 18-ին մահացու հրազենային վիրավորում ստացած Գեւորգ Ավագյանն Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ էր, ծայրահեղ ծանր ապրող ընտանիքի երեխա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը:

«Ահավոր խեղճ ապրող ընտանիք են, երեւի ամբողջ հանրապետությունում նման ընտանիք չգտնեք. տանիքը ցելոֆանով է ծածկված, ոչ հատակ կա, ոչ գաջ, 2 փոքր սենյակ՝ 2x3-ի վրա: Մայրն ու անչափահաս եղբայրն աշխատում են «Հայասի» գործարանում, իսկ հայրն էլ շինարարությամբ է զբաղվում»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ ընտանիքն այնքան վատ է ապրում, որ նույնիսկ հուղարկավորության ծախսերը չի կարող հոգալ. «Գյուղապետարանը հաստատ կօգնի, կարծում եմ, որ պաշտպանության նախարարությունն էլ կօգնի: Ամեն դեպքում, մենակ չենք թողնի»:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում: ԼՂՀ ՊԲ-ն դեպքի մանրամասները պարզելու համար տանում է քննություն: Մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով, ձերբակալվել է զինվորի ծառայակից ընկերը: