«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներին վիրավորված, այնուհետեւ նույն գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը առաջիկա օրերին պատրաստվում է քննիչի գործողությունների վերաբերյալ գրություն ուղարկել գործով դատախազին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ քննիչը հաշվի չէր առել ոչ իր հորդորները, ոչ էլ հիվանդանոցի հերթապահ բժշկի գրավոր եզրակացությունը, որ «տվյալ պահին քննչական գործողություններ նպատակահարմար չէ կատարել»: Լեւոն Բաղդասարյանը նորից պնդեց, որ կատարված գործողությունները հակասում են Եվրոպական կոնվենցիայի հիմնական օրենքին եւ դեռեւս  օրակարգում է իր՝ Եվրոպական դատարան դիմելու որոշումը:

«Իմ պաշտպանյալը դեռ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, առողջական վիճակի մասին հիմա մանրամասն չգիտեմ: Գիտեմ, որ ծնողները բժիշկ էին հրավիրել, որ հետազոտեր նրան: Ես ծնողներից եմ ճշտել, որ դեռեւս առողջության հետ կապված խնդիրներ ունի»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Վալերի Հովհաննիսյանին կալանավորել են հուլիսի 3-ին: Փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալին դատարան են տարել անգիտակից վիճակում եւ «աղին կախված» վիճակում:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։